понедельник, 4 октября 2010 г.

ՏԵՍԱԿԵՏ

        Աշխարհի բոլոր փոթորկալի իրադարձությունները անցել ու անցնում են Հայկական լեռնաշխարհով: Եթե Հայաստանը, որպես առանձին կայացած մի կառույց, թողնենք հանգիստ, ապա Արցախ աշխարհի համար պրպտումների ու փնտրտուքների մի դարաշրջան է սկսվում. պետք է անել ամենայն հնարավորն ու անհնարինը ստեղծված վիճակից կրկնակի հաղթանակով դուրս գալու համար:

        Արցախը, տարածքային առումով եթե վերցնենք, շրջապատված է ազերիների շղթայական օղակով, եւ դժվար թե մոտակա 25-30 տարիների ժամանակահատվածում այդ երկրում կատարվեն այնպիսի բարեփոխումներ, որ փոխվի բնակչության կրթական մակարդակը, որ ազատության շնչով տոգորվի ազերիների մտածելակերպը եւ առաջնորդվեն հավասարը հավասարին սկզբունքով: Ազգային ցինիզմը, կեղծիքը, իր նմանի հանդեպ կիրառելիք ցանկացած ոչ մարդկային արարք. բռնություն, շանտաժ, քարկոծման ենթարկում, կացնահարություն, բռնաբարություն ... եւ այս ամենից հետո նման անհատներին ազգային հերոսի տիտղոսի արժանացում, դա խոսում է այն մասին, որ վայրենի բարքերը, որ կենդանուց մարդուն էին փոխանցվել հազարավոր դարեր առաջ, եւ որ մարդկությունը ժամանակ առ ժամանակ ազատվում է դրանցից, ազերիների կենցաղում շարունակում է իշխել եւ թմբկահարվել պետական մակարդակով: Պետական այրերը ժողովրդին պահում են սմքած վիճակում, դրանով իսկ կաղապարելով, թույլ չտալով ազատվել վայրենի կապանքներից: Առանձին կայծեր, երբ փորձում են երեւան գալ, իսկույն եւեթ պիտակավորվում են, հետապնդվում եւ, ի վերջո, ենթարկվում են հալածանքի ու ոչնչացման /ազերիները եղբայրակից Թուրքիայից ժառանգել են իրենց ազգային նկարագիրը կազմող տարրը եւ առանց դրա չեն պատկերացնում իրենց գոյությունը/:
        Այս իրավիճակում պետք է ճշգրտվի Արցախի ճակատագրի հանդեպ հայության մոտեցումը: Ի սկզբանե ասեմ, որ Արցախի խնդիրը զուտ արցախահայության խնդիրը չէ: Յուրաքանչյուր արցախցի կարող է լքել Արցախը, եւ պանդուխտի ցուպը վերցնելով ձեռքը, համալրել այն միլիոնավոր հայերի շարքը, որոնք բնակվում են երկրագնդի հինգ աշխարհամասերում: Այսպիսով` Հայաստան աշխարհը, որ կորցրել է բազմաթիվ պատմական նահանգներ, կզրկվի նաեւ Արցախից: Եվ եթե շարունակվի այս ձեւով ընթանալ, ավելի կգրգռենք մեր հարեւանների ախորժակը եւ այն շարունակական բնույթ կստանա:
        Արցախի պետականության պահպանումը համայն հայության խնդիրն է: Այսօր աշխարհի տարբեր ծայրերից օգնության ձեռք է մեկնվում Արցախին, բայց ժամանակն է, որ այդ գործընթացը օրինականացվի, դառնա օրենք` մշակված համայն հայության կողմից: Այդ տեսակետից կարեւոր է Արցախի տնտեսության բազմակողմանի զարգացումը: Առկա են հնարավոր պայմաններ գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար, որին այժմ ցուցաբերվում է պետական մոտեցում: Կան նաեւ հողային ֆոնդի հետ պայմանավորված չուսումնասիրված ճյուղեր, որ պետք է լուրջ ուսումնասիրվեն: Արցախի սերունդը օժտված է գիտական հումուսով, լուրջ պրպտումները կարող են տալ դրական արդյունքներ: Չի բացառվում, որ արցախցի պատանին, թափանցելով գիտական աշխարհ, հայ ժողովրդին կարող է տալ այն, ինչի մասին երազել միայն կարելի է: Դրա վկայությունը տարբեր բնագավառներում աշխարհին հայտի արցախածին գիտնականներն են: Մանր ու միջին բիզնեսը Արցախի զարգացման համար լայն հեռանկարներ կբացեն ու միաժամանակ կապահովվի արդյունավետ մրցակցությունը: Հաջորդ, թերեւս ամենակարեւոր խնդիրը Արցախի սահմանների պաշտպանությունն է, որն էլ պետք է դառնա տեւական ուսումնասիրության առարկա: Ճիշտ է, մենք ունենք մարտունակ բանակ, որը պատվով է կատարում իր առջեւ դրված խնդիրները, բայց ... նման փոքրածավալ երկիր, շրջապատված մտավոր զարգացման հեռանկարից զուրկ բազմամբոխ թշնամիներով, որ միայն ստամոքսի ցավից են տառապում, պետք է խորհելու տեղիք տա ...
        Աշխարհի տարբեր երկրներում ապրում են հայեր: Աշխարհասփյուռ հայերը, տարբեր երկրների քաղաքացիներ լինելով հանդերձ, պետք է ունենան հայեցի մտածելակերպ: Մենք` հայերս, եկել ենք դարերի խորքից, մեզ համար ոչ միայն տարիք առնելն ու ապագա սերնդին ուղի ցույց տալն է կարեւոր, այլեւ պետք է ուսումնասիրել, թե ինչպես եղավ, որ հայը կարողացավ ընդդիմանալ արաբին, պարսիկին, թուրքին, մոնղոլ-թաթարին, բյուզանդացուն ... որ հայը կարողացավ չձուլվել, պահպանել իր ինքնությունը, իսկ հիմա, խաղաղ ժամանակներում առաջնորդվում ենք, <<ՙՈրտեղ հաց, այնտեղ կաց՚>> տխրահռչակ սկզբունքով: Հայի մեջ հայը դեռ իշխող է: Հայ պատանու մկաններում արյունը դեռ հոսում է ոչ թե ջրի, այլ արյան տեսքով, բավական է հայ պատանին իմանա ճշմարտությունը եւ, համոզված եմ, գիշերը ցերեկ կդառնա: Իսկ եթե այդ ճշմարտությունը բացահայտված չէ կամ քնած է, ապա պետք է այն արթնացնել ու բացահայտել, պեղել հոգին, որ հազարամյակների պատմություն ունի:
        Արցախյան պատերազմին ոգի ու շունչ տվեցին Հայաստանի տարբեր մարզերից կամավորական խմբեր, աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդներ: Եկան, միացան արցախցիներիս, շունչ շնչի տվեցինք ու հաղթեցինք: Արցախը Արցախ պահելու համար ուրիշ դեղատոմս չունենք: Արցախը պետք է հայ ժողովրդի հավաքական կայանը դառնա, իսկ հետո, երբ Արցախը չի տեղավորի մեզ, այնժամ կընդարձակվեն սահմանները եւ ծովից ծով Հայաստանը գալիք սերունդների համար իրողություն կդառնա: Անցնենք հարցի բուն ու մանրամասն վերլուծությանը: Աշխարհասփյուռ հայերի թիվը, ըստ պետական միավորումների, խառն է: Աշխարհում սփռված հայերը, որոնք համախմբված են հայկական համայնքներում, պետք է ստեղծեն իրենց օրենքը /կամ ինչպես էլ այն կոչվելու լինի/, որպեսզի յուրաքանչյուր հայ պատանի իր հայ լինելու պարտքը կատարի Հայրենիքի` ԼՂՀ հանդեպ: Խոսքս զինվորական ծառայության պարտքի մասին է: Կարծում եմ, դա ոչ միայն պարտքի զգացում է, այլեւ յուրաքանչյուր հայ երիտասարդի պատվի ու արժանապատվության խնդիրը:
        Առաջարկներս հետեւյալն են.
1. Սփյուռքահայ երիտասարդը կամավոր սկզբունքներով ցանկություն է հայտնում ծառայել Արցախի ՊԲ-ում եւ զորակոչվում է Արցախ:
2. Զորակոչիկը, երկքաղաքացիության սկզբունքով, Արցախ ժամանելուն պես ստանում է ԼՂՀ քաղաքացիություն:
3. Զորակոչվելով ԼՂՀ ՊԲ` զինծառայողը երեք ամսյա ժամկետով անցնում է զինծառայության առաջին փուլը, բազմակողմանի պատրաստվում թե ռազմական իրադրությունում եւ թե խաղաղ պայմաններում ծառայության:
4. Փորձաուսումնական  շրջանն անցնելուց հետո զինծառայողը մեկ տարի ժամկետով ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում:
5. Ծառայությունն ավարտելուց հետո նախկին զինծառայողին իրավունք եւ միջոցներ են տրամադրվում մնալ եւ ապրել Արցախում, կամ վերադառնալ այն երկիրը, որտեղից եկել է: Մեկնելու դեպքում, միաժամանակ նա պարտավորվում է արտակարգ իրադրության դեպքում վերադառնալ Արցախ եւ իր քաղաքացիական պարտքը կատարել:
Անհրաժեշտ է բոլոր հանգամանքներում պահպանել կամավորության սկզբունքը, բայց ազգային գաղափարախոսությունն այնքան պետք է առաջանա, որ յուրաքանչյուր արտերկրացի հայ երիտասարդ վիրավորանք ապրի Արցախում չծառայելու համար: Չմոռանանք, որ արտերկրում ապրող հայերի թիվը կրկնակի անգամ ավելի է ՀՀ եւ ԼՂՀ-ում ապրող հայերի քանակից:
    Եթե հարցին քաղաքական տեսանկյունից նայելու լինենք, ապա այս տարբերակով առաջնորդվելը այդ դաշտում կլինի ամենամեծ հաղթանակը: Արցախի հանդեպ եթե կամայական վերաբերմունք ցուցաբերվի Ադրբեջանի կամ այլ երկրի կողմից, ապա իսկույն արձագանք կգտնի այն երկրների կառավարությունների կողմից, որոնց քաղաքացիները ծառայում են Արցախում: Սա էլ կլինի Արցախի յուրահատկությունը, ինչպես Կոսովոյի վերաբերյալ թմբկահարում են ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կառավարությունները: Հայերը աշխարհում առաջինն են եղեռն տեսել, որ ցավոք, մի քանի անգամ կրկնվել է: Հայերը Նախիջեւանում տեսել են սպիտակ եղեռն. Նախիջեւանի նախկին բնակիչները այժմ սփռված են ինչպես միջնասիական երկրներում, այնպես էլ ՌԴ-ում` լրացնելով սփյուռքահայության շարքերը: Արցախյան հարցը աշխարհին ճիշտ ներկայացնելու պարագայում անշահախնդիր պետությունները կընդունեն Արցախի յուրահատուկ լինելը, ու համայն հայությունը, ի դեմս Արցախ աշխարհի, իր քաղաքացիական պարտքը մատուցած կլինի Հայրենիքին:
 

Комментариев нет:

Отправить комментарий