понедельник, 4 октября 2010 г.

ԿՐԱԿԵ ԲԱԳԻՆ

Դողէրոցքի մեջ ճրթճրթաց գիշերը և հենվեց գյուղի միակ փողոցի կիսաքանդ պատին:Գյուղը հին է ու գյուղի պատմության միակ վկան` հին եկեղեցին:
Հնում մարդաշատ գյուղի փողոցներում, անգամ օրը ցերեկով, եթե նույնիսկ ժամերով էլ կանգնելու լինես, չես հանդիպի մարդ արարածի: Միայն երբեմն լսվում էր թուրք ազերիների աղմուկ-աղաղակն, որոնք գյուղին մոտակա իրենց դիրքից գալով, փողոցային շների նման գզվռտում էին իրար հետ` չկարողանալով կիսել թալանի քաղցր պատառները: Մերթընդմերթ գյուղի անդորրը խախտում են թափառական շները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ տեր ունեին, սեփական բակ ու սեփական բակի մեջ բույն, իսկ ամենակարևորը` կերակրող ձեռք: Այժմ գյուղն ավերակ է, և ավերակների տերն ու տիրականը մի քանի օրվա թափառական շները:

Խավար գիշերը հանկարծակի կիսեցին լուսնի շողերը, և գիշերը դարձավ սովորական գիշեր ու թափառական շների հետ սկսեց տիրություն անել գյուղի ավերակներին:
Գյուղն ավերակվել է ... պատերազմը խորշակի պես մտել է գյուղ, ապա դուրս եկել, և գյուղը մնացել է կիսաքանդ. հրդեհված տների պատուհանները կարծես կույր մարդու դատարկ ակնախոռոչներ լինեն. որոշ տներ դեռ մխում են և տարիներ ու դարեր ի վեր, եթե ծուխն ուներ երկինք համբառնելու հիմնական տեղը, որ կոչվում է երդիկ, ապա այժմ մխում են ամբողջական տներ: Գյուղից մի քիչ վեր, այն մասում, ուր գյուղն ու անտառը պայմանավորել են իրենց սահմանագիծը, վեր է խոյանում մի տուն, որի նախկին պերճաշուքությունը կարելի է նկատել նաև այժմ: Այդ տունը քեռի Խաչոյի տունն է: Նրա գերդաստանը ամենամեծն էր գյուղում, իսկ քեռի Խաչոն, որ ավանդապաշտ մարդ էր, մի օր հավաքեց ազգի մեծ ու փոքրին և դեմքին խորհրդավոր մի ժպիտ, ասաց. <<Սիրելիներս, ուշադիր լսեք իմ մտահաղացումը, տարիների իմ երազանքը, որոշել եմ ձեր օգնությամբ մի տուն կառուցել, մի այնպիսի տուն, որ բոլորս հավաքվենք այդ տան մեջ, ապրենք, բազմանանք>>:
Այդ պահին քեռի Խաչոն կարծես ոչ միայն իր գերդաստանի, այլև ամբողջ հայ ազգի նահապետն էր: Նահապետ, որ իջել էր նոյյան տապանից և կառուցում էր մի մեծ տուն` համախմբելու իր շուրջը ամբողջ հայ ժողովրդին: Նրա թավ, ալեխառն բեղերը, իմաստալից աչքերը, սպիտակ մազերը, հայկական արծվաքիթն ու թավ հոնքերը նրան տալիս էին իսկական նահապետի կերպարանք, նա կարծես միայն Նոյ չէր, այլ իջնելով Արարատ լեռան բարձունքից, անցել է Ավարայրի դաշտով, իր ուսերին կրել Մեծ Եղեռնի ամբողջ վիշտը և հասել մեր օրերին: Ու քեռի Խաչոն իրագործեց իր երազանքը, ամբողջ գերդաստանը հավաքեց մի տան մեջ ու թվաց, թե երջանկությունն անխաթարելի է: Քեռի Խաչոն չէր թողնում անգամ հղի հարսներին ծննդատուն տանեն. <<Իմ թոռների առաջին ճիչը պիտի իմ հարկի տակ լինի>>,- ասում էր նա ու շոյում բեղերը` աչքերի մեջ խաղացնելով մի չարաճճի ժպիտ, ժպիտ, որ միայն ինքն ուներ:
Այժմ քեռի Խաչոյի տունը, ինչպես գյուղի մյուս տները, զրկվել էր կյանքից: Տան տանիքը փլվել էր, և պատերը, կքած իրենց դառը ճակատագրի ծանրության տակ, կարծես խորհում էին աշխարհի ու մարդկային դառը ճակատագրի մասին:
Աստիճանաբար լռեց թափառական շների ոռնոցն ու կաղկանձը, իսկ լուսինն իր խոնարհ գլուխը թաքցրեց անտառից պոկված ծառերի ստվերների տակ: Գյուղի վրա իջել էր ողբերգական մի անդորր, ու միայնությունը ծանր-ծանր իջել էր ավերակների վրա և մխում էր: Բայց հանկարծ գիշերային անդորրը խախտվեց մի տարօրինակ ճռռոցից, որն անհարազատ էր ստեղծված մթնոլորտին:
Այգու խորքում` տան ետնամասի նկուղի պատի տակ, հայտնվեց մարդկային մի կերպարանք, ուշադիր նայեց չորս բոլորը, ապա կամաց շարժվեց դարպասի ուղղությամբ: Մի քանի քայլ չարած, ոտքը դեմ առավ մի փափուկ բանի` կռացավ, սկսեց շոշափել. մարդկային մարմին էր. մարմնով սարսուռ անցավ, ցանկացավ ոտքի կանգնել, բայց ոտքերը թուլացել էին ու չէին ենթարկվում: Ձեռքը դողալով տարավ, շրջեց դիակն ու կաթվածահարի պես մնաց քարացած, ապա մի ճիչ արձակեց և ուշաթափ ընկավ դիակի վրա:
Արդեն լուսանում էր: Օրվա այդ պահին գյուղի բոլոր բակերից ձեն ձենի տված կանչում էին աքաղաղները` ազդարարելով նոր օրվա զարթոնքը: Որբացել էր նաև առավոտը: Տղան ուշքի եկավ, գլուխը բարձրացրեց դիակից, խելագարի հայացքով նայեց չորս բոլորը, ապա արցունքներն ակոսեցին դեմքը: Ահա գետնի վրա ընկած է պապի դիակը, այն պապի, որը ոչ միայն իր գերդաստանի, այլև գյուղի պարծանքն էր. իր արդարամտությամբ, սրամտությամբ, ընկերասիրությամբ ու հյուրասիրությամբ գերազանցում էր բոլորին և դրանով էլ դարձել էր գյուղի աչքի լույսը: Գյուղում չկար մեկը, որ քեռի Խաչոն հետը կռված կամ վիճած լիներ: Նա ուներ կլյանքի մասին իր պատկերացումը` կյանքը ժամանակավոր է, և պետք է ապրել առանց ինչ-որ մեկին վատություն անելու. <<Եթե լավություն չես անում, գոնե վատություն մի արա>>:
Չգիտեր ինչքան ժամանակ էր անցել, ինչ նա գտնվում էր այդ անզգա վիճակի մեջ, երբ փողոցից լսվող աղմուկը նրան ստիպեց զգաստանալ: Արմենն ուշադրությունը լարեց. փողոցից լսվող թուրքերեն խոսակցությունը հետզհետե մոտենում էր: Նա վեր կացավ և կուզեկուզ հասավ նկուղի դռանը, անաղմուկ բացեց դուռը և ներս մտավ, ապա իր հետևից փակեց այն: Բացեց պահարանի դարակներից մեկը և, ավելի հարմար առարկա չգտնելով, վերցրեց մուրճը: Թուրքերի խոսակցությունից ու քայլերից ենթադրեց, որ մտել են բակը: Արմենը թաքնվեց դռան ետևում: Տասնհինգամյա պատանու մարմինը համակ ուշադրություն էր դարձել: Լարված մկանները, որ նկուղի կիսախավարում ավելի գծագրված էին երևում, նրան տալիս էին հասուն երիտասարդի կերպարանք: Աչքերի մեջ չկար երկյուղի ամենափոքր իսկ նշույլ, երկյուղն իր տեղը զիջել էր կատաղությանը: Ազերիներից մի քանիսը բարձրացան երկրորդ հարկ, քայլերից կարելի էր ենթադրել, որ հինգն էին, մոտեցող խոսակցությունից ու քայլերի ձայնից Արմենն ենթադրեց, որ երկուսն էլ գալիս են դեպի նկուղ: Ավելի հարմար տեղ չգտնելով` Արմենը թաքնվեց դարակի տակ, դժվար թե թուրքերը այդ խավարում նկատեին իրեն: Ահա դռան փեղկերը ճռռոցով ետ գնացին և թուրքերը մտան նկուղ: Տղան շունչը պահել էր, վրեժխնդրության ծարավից աչքերը փայլում էին, բռունցքված ձեռքերի մեջ մուրճն ասես նրա մարմնի մի բաղկացուցիչ ու անբաժանելի մասը լիներ: Թուրքերից մեկը, որ ձեռքին երկաթե ձող ուներ, սկսեց ջարդել ապակե տարաները, իսկ մյուսը տնտղում էր նկուղի անկյունները` կարծես պապի թաքցրած ՙոսկիներն՚ էր փնտրում: Թուրքերից մեկը, որ նիհար էր ու բարձրահասակ, սկսեց քաշել փայտե մեծ սնդուկը, որի մեջ տնեցիները պահում էին տարբեր տեսակի հնոտիներ, մյուս պնդակազմ, ատլետիկական կազմվածք ունեցող և օմոնականի համազգեստով թուրք ենիչերին ընկերոջը օգնելու մտադրություն չուներ. նա մեծ ջանասիրությամբ ջարդում էր, ինչ ձեռքի տակ էր ընկնում, թշվառականը կարծես հայերի դեմ սրսկած իր ատելությունը ցանկանում էր անխոս առարկաներից հանել: Նիհար ու բարձրահասակ թուրքին հաջողվեց սնդուկը դուրս հանել և խորասուզվել փնտրտուքի մեջ: Արմենը կամաց դուրս սողաց դարակների տակից, միանգամից ոստնեց և մուրճի մի շեշտակի հարված հասցրեց  թուրք ենիչերիի գլխին. լսվեց ոսկորների խրթոց, թուրքը տապալվեց գետնին: Արմենը միանգամից զինաթափեց թուրքին, վերցրեց ինքնաձիգն ու պահունակները և թաքցնելով դիակը դարակի տակ, պահվեց դռան ետևում: Մյուս թուրքը, որ չէր իմանում ընկերոջ հետ կատարվածը, ինչ-որ խոսում էր նրա հետ: Պատուհանի անցքից Արմենը նկատեց, որ թուրքը մի շիշ նավթ է գտել և լցնում է պատուհաններին, դռանը: Նա ինքնաձիգը տախտակե դռան հետևից ուղղեց թուրքի կողմը և կրակեց, թուրքը տապալվեց, իսկ երկրորդ հարկի նրանց զինակիցները իմացան, թե դա ընկերների հերթական օյինբազությունն է: Նրանք դեռ շարունակում էին դուրս հանել տան եղած-չեղածը: Տղան դուրս եկավ նկուղից, թաքնվեց պատի տակ ու սկսեց հետևել թուրքերի անցուդարձին: Կարծես կյանքը մի անտանելի բեռ էր դարձել, ու այդ բեռը կարելի էր միայն թեթևացնել թուրքի արյամբ: Պապի դիակը դեռ ընկած էր այնտեղ` պռշենու տակ, տերևների ստվերները շոյում էին նրան, կարծես ցանկանալով քշել ճանճերը, որ ամառային կեսօրը հավաքել էր  արդեն հոտող դիակի վրա: Ահա բոլոր թուրքերը հավաքվել են բակում ու կարծես ժամանակն է կրակելու: Նրանցից մեկը, որ անցնում էր դիակի մոտով, ոտքով հարվածեց դիակին, և տղան, որ մինչ այդ վարանում էր կրակել թե չէ, այլևս չհամբերեց և, դուրս գալով հարմար թաքստոցից, ինքնաձիգի պարունակությունը ճարճատյունով պարպեց թուրքերի վրա, նրանցից երկուսն ընկան, իսկ մյուս երկուսը շփոթահարությունից ու երկյուղից սկսեցին փախչել: Արմենը ժամանակ չկորցնելու համար չլիցքավորեց ինքնաձիգը, այլ վայրկենաբար ուսից հանեց մյուս սպանված թուրքի ինքնաձիգը և դիպուկ նշանառությամբ խփեց նաև մյուս երկուսին: Արմենը մոտեցավ թուրքերի դիակներին. ահա այն մեկը, որ քացով խփել էր պապի դիակին, դեռ չէր սատակել, նրա ջղաձգվող մարմինը Արմենի մոտ զզվանք առաջացրեց, նա թքեց թուրքի կողմը, ապա հավաքեց թուրքերի մոտ եղած զինամթերքը ու լցրեց նրանց զինվորական ուսապարկերից մեկը:
Տղայի հետ ինչ-որ բան էր կատարվել, վերջին շաբաթվա մեջ նա` տասնհինգամյա պատանին, ծերացել էր, կյանքում առաջին անգամ դիակ էր տեսել, առաջին անգամ սպանել էր մարդ արարածի և ամենավշտաբեկն ու սարսափելին` առաջին անգամ կորցրել էր հարազատի: Տղան բարձրացրեց հայացքը, արդեն իրիկնամուտ էր, ուր որ է, թուրքերի դիրքում կնկատեին յուրայինների բացակայությունը և գյուղի ուղղությամբ մարդիկ կուղարկեն, պետք է շտապել: Տղան մոտեցավ պապի դիակին ու մեծ դժվարությամբ սկսեց քաշել, մեծ չարչարանքից հետո նրան հաջողվեց դիակը հասցնել երկրորդ հարկ, ապա իջավ նկուղ, մի քանի շիշ նավթ վերցրեց ու սկսեց ցանել պատուհաններին, դռանն ու տանը մնացած իրերին: Տղան ոչինչ չէր մտածում, մտածելու ժամանակ չկար, բայց ինչ-որ բնազդային մի բան նրան հուշում էր, որ կատարվելիքը ճշմարիտ է, այլընտրանք չկա, նա վառեց մի լաթի կտոր և գցեց պատուհանի բազրիքին, ապա վերցրեց դռանն հենած ինքնաձիգը և դուրս եկավ բակ: Քիչ հետո կրակի լեզունները սկսեցին լափել տունը. խավարը, որ սարերից իջնում էր գյուղ, մի պահ տեղի տվեց, բայց ամենասարսափելին ստվերներն էին, կրակի ու խավարի ստվերները, որ միավորվելով, հարձակվում էին մի անհայտ ուղղությամբ ու տեղի տալիս:
Տղան հայացքով չափեց բակից անտառ ընկած հեռավորությունը ու սկսեց հեռանալ, բակի դուռը ճռռաց, կարծես մեկընդմիշտ արձանագրելով նրա մատների հիշողությունը իր երկաթե բռնակին: Քանի գնում, խավարում էր, իսկ անտառը ինչ-որ հեքիաթային ձայնով կանչում էր նրան: Լուսնի խաղագնդակը գրավեց լեռան բարձունքի դարպասը, աստղերը ծիկրակեցին, կարծես վաղուց մոռացված ինչ-որ խաղ են խաղում, իսկ հեռվում, ուր գյուղն էր, հրե լեզվակները լափում են քեռի Խաչոյի տունն ու քեռի Խաչոյի դիակը:  


Комментариев нет:

Отправить комментарий